National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.09.2008
Ազգային ժողովի արտահերթ նիստը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ  սեպտեմբերի 19-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ նիստում քննարկված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաթեթ),   «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաթեթ), «Փախստականների եւ ապաստանի մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: 

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ, ինչպես ինքն արդեն հայտնել է ասուլիսի ժամանակ, ներկայացնում է իր հրաժարականի մասին դիմումը: Հղում կատարելով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքին` պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում ԱԺ նախագահի հրաժարականը համարվում է ընդունված: Նա հայտարարեց նաեւ, որ ինքը դուրս է գալիս  ՀՀԿ խմբակցությունից: Պարոն Թորոսյանը, ԱԺ կանոնակարգի համաձայն, իր դիմումը հանձնեց նիստի նախագահողին` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանին:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2006 թ-ի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ-ի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1800-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 198-րդ  կետի: Օրինագիծը ուղղված է ՀՀ գյուղատնտեսական համատարած հաշվառման իրավական հարաբերությունների կարգավորմանը եւ ընդունման դեպքում հնարավորություն կընձեռի տեղեկատվություն հավաքագրել գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի եւ դրանց օգտագործման վերաբերյալ,  նպատակ ունի ձեւավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգ,  գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստր, կատարելագործել ընտրանքային դիտարկման դաշտը,  ապահովել միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիությունը:
 
Գյուղատնտեսության համատարած հաշվառումը ենթադրում է տվյալների ուղղակի հավաքագրում գյուղացիական տնտեսություններից եւ գյուղատնտեսությամբ զբաղվող առեւտրային կազմակերպություններից:

Քննարկվեց նաեւ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  համաձայն գործող օրենքի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններում աշխատակազմի տեսքով ստեղծման ենթակա պետական կառավարչական հիմնարկները իրենց կառուցվածքով լիարժեք հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ իրականացնել նշված մարմինների առջեւ դրված խնդիրներն ու գործառույթները՝ հաշվի առնելով նշված ոլորտների կառավարման, ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման առանձնահատկությունները: Նշված մարմինների խնդիրների եւ գործառույթների առանձնահատկություններից ելնելով` հնարավոր չէ ստեղծել այնպիսի կառուցվածք ունեցող պետական կառավարչական հիմնարկ, որը կհամապատասխանի նշված օրենքով պետական կառավարչական հիմնարկների կառուցվածքին առաջադրվող պահանջներին: Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված իրավասությունները՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի եւ պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը համակարգող պաշտոնատար անձի, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունների սահմանումը կապահովի նշված մարմինների գործունեության առավել ճկուն մեխանիզմներ:  

Քննարկվեց նաեւ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ oրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը, ըստ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի, պայմանավորված է օրենքում տեղ գտած վրիպակով:

Կից ներկայացվող հաշվարկներով հստակ հիմնավորված է, որ ֆինանսական հաշտարարի գրասենյակի ֆինանսավորման ծախսերի 70%-ը վճարվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից, որը կարող է ապահովվել բանկերի համար նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.01%-ի եւ վարկային կազմակերպությունների համար նախորդ տարվա վերջի դրությամբ ակտիվների 0.07%-ի չափով պարտադիր վճարներով:  Օրենքի պաշտոնական շրջանառության ժամանակ տրամադրված հաշվարկները համապատսխանում են կից ներկայացվող հաշվարկներին:
 
Վրիպակի հետեւանքով օրենքում առկա բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի օգտին կատարվող պարտադիր վճարների տարեկան չափերը չեն համապատասխանում հիմնավորված հաշվարկներին: Բացի այդ, ապահովագրական ընկերությունների կողմից պարտադիր վճարների տարեկան չափերը լինում են անհամեմատ ավելին` չնայած նրան, որ ֆինանսական կազմակերպությունների ակտիվների 90 եւ ավելի տոկոսը բաժին է ընկնում բանկերին:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է օրենքում բանկերի եւ վարկային կազմակերպությունների պարտադիր վճարների մասով կատարել համապատասխան փոփոխություններ՝ 0.001%-ը փոխարինել 0.01%-ով, իսկ 0.007%-ը՝ 0.07%-ով:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված երեք նախագծերը:

Արտահերթ նիստի օրակարգն սպառվեց, եւ Ազգային ժողովն ավարտեց աշխատանքը:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am